Ալիևը միջնորդի դեր է ստանձնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար
Թուրքիայում կուլիսային խոսակցություններ են շրջանառվում, որ 2021թ․ մարտի վերջին հնարավոր է Թուրքիայի ու Իսրայելի միջև կրկին սկսվեն կարգավորվել դիվանագիտական հարաբերությունները և երկուստեք դեսպանների նշանակումը։
Իսրայելական Walla լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար միջնորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ermenihaber.am-ը։
Մյուս կողմից՝ թուրքական իշխանամետ Milliyet օրաթերթի թղթակից Էջեմ Թոփլարը հայտնում է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և դրական արձագանք ստացել։
Իսրայելցի դիվանագիտական պաշտոնյաները Milliyet-ին տված հարցազրույցում չեն հերքել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի՝ միջնորդ լինելու փաստը և հավելել, որ չնայած այդ ամենին, Թուրքիայից դեռ դրական արձագանք չեն ստացել։ Դիվանագետները նաև նշել են, որ Իսրայելը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։
Իսրայելցի պաշտոնյանները պնդել են, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման «բանալին» Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքում է։ Նրանք չեն կարծում, թե հարաբերությունների հնարավոր կարգավորում տեղի կունենա Իսրայելում 2021թ․ մարտի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ։
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների լարումը պայմանավորված էր 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվել էր 60 արաբ, վիրավորվել՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում և Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։