Տամբովում բերման են ենթարկել ահաբեկչություն նախապատրաստող դեռահասի. ՌԴ ԱԴԾ
Ռուսաստանի Տամբով քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են ահաբեկչություն՝ բերման ենթարկելով այն նախապատրաստող դեռահասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունը Տամբովում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 2003 թ. ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը մասնակցում էր այս հանցագործության նախապատրաստմանը: Նրա կողմից վարձակալված բնակարանից հայտնաբերվել և առգրավել են պայթուցիկ նյութեր, ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու բաղադրիչներ, դրա հավաքման և օգտագործման համար համացանցային հրահանգներ պարունակող կապի սարքավորումներ: Տամբովի մարզում Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել քաղաքացու նկատմամբ ՌԴ քրեական օրենսգքրի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ահաբեկչական գործողության նախապատրաստում): Նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը լուծման փուլում է:
Իր հերթին, ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը լրագրողներին հայտնել է, որ ձերբակալվածը քոլեջի 17-ամյա ուսանող է:
«Ըստ հետաքննության արդյունքների՝ կասկածյալը, լինելով ապակառուցողական ենթամշակույթների կողմնակից, պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Տամբովի շինություններից մեկում: Որպես հանցագործության գործիք՝ նա նախատեսում էր օգտագործել ինքնաշեն պայթուցիկ սարք, որի ստեղծման եղանակը նա սովորել էր համացանցից», - մանրամասնել են վարչությունից: