Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ զորակոչվածների՝ մինչև ապրիլի 15-ը փուլային զորացրման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը, համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2280 հրամանով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները աստիճանաբար զորացրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը»,-ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կայքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։