Ալիևը 2021թ. բյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերի՝ 550 մլն դոլարով ավելացում է նախաձեռնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեում ռազմական ծախսերի ավելացում է նախաձեռնել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերի համար նախատեսված են 2,7 միլիարդ դոլար, ինչը 550 միլիոն դոլարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
«Մենք շարունակելու ենք ուժեղացնել մեր բանակը: Այժմ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Իմ նախաձեռնությամբ ռազմական ծախսերն ավելանում են: Նախևառաջ այն պատճառով, որ պատերազմի ժամանակ մենք շատ զենք և զինամթերք ենք օգտագործել, դրանք պետք է համալրվեն: Միևնույն ժամանակ, նախատեսվում է շարունակել ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ»,-մեջբերում է Ալիևի խոսքերը նրա մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։