Բեյրութում պայթյունի հետևանքները նկարահանած լուսանկարիչը սպանվել է անհայտ անձանց կողմից
Անհայտ անձինք սպանել են լուսանկարիչ Ջոզեֆ Բաջանիին, որ նկարահանել էր այս տարվա օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքները: Այս մասին հայտարարել է Al Jadeed հեռուստաալիքը:
Նշվում է, որ նա գնդակահարվել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, Կահալյա բնակավայրում: Նրա մահվան վայրը հայտնաբերվել է հատուկ ծառայությունների կողմից՝ լուսանկարչի բջջային հեռախոսի հետքերով:
Քննության համաձայն՝ ենթադրաբար, եղել են երկու մարդասպաններ:
Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ Բաջանին աշխատել է որպես լուսանկարիչ հեռահաղորդակցական ընկերություններից մեկում, ինչպես նաև եղել է լիբանանյան անվտանգության ծառայություններից մեկի հավատարմագրված լուսանկարիչ: Բացի այդ, մահվանից անմիջապես առաջ նա նկարահանել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսարանը: Լուսանկարչի սպանությունը լայն արձագանք է գտել լիբանանյան հասարակության շրջանում: