«ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Էրդողանը սպառնալիք է Թուրքիայի անվտանգությանը». Դավութօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անկախ առաջնորդից վերածվել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող գործչի՝ դառնալով Թուրքիայի անվտանգության սպառնալիքը, հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ, թուրքական նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է Ahval-ը։
«Էրդողանն այլևս այն մարդը չէ, որը ժամանակին ամբողջ աշխարհի ուշադրությունը կարող էր գրավել իր մեկ րոպեանոց խոսքագրոհով»,- ասել է Դավութօղլուն իր կուսակցության թվիթերյան էջում հրապարակված տեսանյութում:
Նրա խոսքով՝ Էրդողանը Վաշինգտոնի կողմից վերահսկվում է սպառնալիքների միջոցով, այդ թվում՝ իր անձնական ակտիվների վերաբերյալ։
Լրատվական կայքը մանրամասնում է, որ ինչպես Սենատի պատժամիջոցների փաթեթում, այնպես էլ 2019 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաթեթում պահանջվում էր ստուգել Էրդողանի և նրա ընտանիքի անդամների ակտիվների մասին հաշվետվությունը։ Դրանք ի վերջո, կանգնեցվել են Սենատի մեծամասնության առաջնորդ և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Միթչ Մակքոնելի կողմից:
«Դա Թուրքիայի անվտանգության համար շատ լուրջ խնդիր է»,- այդ կապակցությամբ հավելել է Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ 2016-ին Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալուց և վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Դավութօղլուն 2019-ի դեկտեմբերին հիմնել է «Ապագա» կուսակցությունը։