ՌԴ պետդումայում առաջարկել են ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ
ՌԴ պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևն առաջարկել է COVID-19-ի նոր տարատեսակի հայտնաբերման ֆոնին ժամանակավորապես սահմանափակել այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է RT հեռուստաընկերությունը` հղում տալով Սուխարևի՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված և լրատվամիջոցի տրամադրության տակ գտնվող նամակին:
Պատգամավորը հիշեցրել է Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում COVID-19-ի նոր տարատեսակի հայտնաբերումը: Այս առումով, շատ պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստանը, արդեն որոշել են սահմանափակել քաղաքացիական ավիացիայի թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա:
«Ռուսաստանի տարածքում նոր վիրուսի տարածումը կանխելու համար խնդրում եմ ձեզ դիտարկել բոլոր երկրների հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու հնարավորությունը` կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում առկա դրական դինամիկան պահպանելու համար»,-ասված է նամակում:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տարատեսակի հայտնաբերման մասին դեկտեմբերի 14-ին տեղեկացրել էր Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթթ Հենքոքը: