Մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ ունենք կորոնավիրուսի հետ կապված:
Արսեն Թորոսյանը նշեց. «Երեկ օրվա մեջ ունեցել ենք կորոնավիրուսի 702 նոր դեպք: Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում է հոսպիտալացման: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կաննոները պահպանել»:
Նախարարը նշեց, որ հիմա մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճկ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով կանցնեն անխուսափելիորեն»,-ասաց նա:
Ամենայն հավանականությամբ վարչապետը նկատի ունի Վրաստանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ թիվը հասել է 216 հազարի, իսկ հայաստանում այդ թիվը շուրջ 156 հազար է:
Արսեն Թորոսյանը նկատեց, որ մահացության թիվը Հայաստանում շատ ցածր է, տատանվում է 1,5 տոկոսի շրջանակներում, մինչդեռ շատ զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է 7-8, մինչեւ 10 տոկոսի շրջանակներում. «Մահացության թիվը Հայաստանում միշտ ցածր է եղել միջազգային միջինից: Ամենավատ ժամանակներում դա չի անցել 2 տոկոսից, իսկ հիմա ավելի ցածր է: Շատ կարեւոր է, թե մենք ինչքան փրկված հիվանդ ենք ունեցել: Այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք»,-ասաց նա: