ԱՄՆ միջուկային սուզանավը, զինված ավելի քան 100 թևավոր հրթիռներով, մտել է Պարսից ծոց. Իրանի ՀՕՊ համակարգը չի հաղթահարի սուզանավի կրակային ուժը. Military Watch
ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ ավելի քան 100 թևավոր հրթիռներով համալրված Օհայո դասի USS Georgia միջուկային սուզանավը մտել է Պարսից ծոց՝ նախազգուշացում ուղղելով Իրանին, գրում է Military Watch ամերիկյան հրատարակությունը:
Անցնելով Հորմուզի նեղուցով՝ միջուկային սուզանավը մոտեցել է իրանական ջրերին՝ այդպիսով Իրանի ամբողջ տարածքն ընդգրկելով իր հրթիռների համար հասանելի գոտում: Սուզանավն այնտեղ է գտնվում Ticonderoga դասի նավի, USS Port Royal (CG 73) և USS Philippines Sea (CG 58) զույգ հրթիռային կրուիզերների հետ միասին: Հատկանշական է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի համալիրի տեղակայումը տեղի է ունեցել Իրաքի Բաղդադ քաղաքում իրանցի բարձրաստիճան ռազմական սպա Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցի նախաշեմին:
Օհայո դասի միջուկային սուզանավերն աշխարհում կրակի ուժի առումով քիչ մրցակիցներ ունեն, դրանցից յուրաքանչյուրն ունակ է կրել մինչև 154 Tomahawk հրթիռ`մինչև 2500 կմ հեռահարությամբ: Սա նրանց դարձնում է իդեալական` տարբեր տեսակի ՀՕՊ համակարգերով հագեցած Իրանի տարածքի վրա հարձակվելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ Tomahawk-ը համեմատաբար դանդաղընթաց է և այն այնքան էլ դժվար չէ տապալել: Սակայն Իրանում առկա ամենաժամանակակից ՀՕՊ S-300PMU-2 համակարգը ի վիճակի է միաժամանակ որսալ ոչ ավելի, քան 32 հրթիռ, ուստի Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը ամեն դեպքում չի հաղթահարի թևավոր հրթիռների զանգվածային հարձակումը:
Այնուամենայնիվ, Օհայո դասի սուզանավերը սովորաբար կրում են նշված քանակի հրթիռների մոտ երկու երրորդը: Մնացած տարածքն օգտագործվում է այլ տրանսպորտային միջոցներ տեղափոխելու համար: Օրինակ ՝ ծովային գաղտնի գործողություններով զբաղվող հատուկ նշանակության ստորաբաժանումների անօդաչու թռչող սարքերի կամ մինի-սուզանավերի համար:
Օհայո դասի միջուկային սուզանավը կարող է վտանգ ներկայացնել Իրանի անվտանգության համար այլ պատճառներով: Tomahawk հրթիռները չեն կարող խոցել լավ պաշտպանված թիրախներ, ինչպիսիք են միջուկային օբյեկտները և ստորգետնյա հրամանատարական կենտրոնները: Բայց դրանք ի վիճակի են միաժամանակյա տասնյակ հարվածներ հասցնել այլ թիրախներին երկրի ողջ տարածքում ՝ մաքրման կայաններից մինչև էլեկտրակայաններ և օդանավակայանների թռիչքուղիներ, ոչնչացնելով պետության ենթակառուցվածքներն ու տնտեսությունը:
Միևնույն ժամանակ, Օհայոն որոշակի ռիսկի է դիմում՝ փորձելով գործել իրանական ջրերին չափազանց մոտ հեռավորության վրա, առաջին հերթին իրանցիների՝ փոքր սուզանավերի զգալի նավատորմի առկայության պատճառով: Այդ սուզանավերն անաղմուկ են և լավ են համապատասխանում այլ սուզանավերի դեմ պայքարին: