ԼՂ-ում թուրքական և իսրայելական զենքի շնորհիվ հաղթանակ տանելուց հետո Ադրբեջանն այժմ ձգտում է իր միջնորդությամբ հաշտեցնել Թուրքիային և Իսրայելին. Axios
Ամերիկյան Axios տեղեկատվական-վերլուծական պորտալը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Բարաք Ռավիդի հոդվածը, որում հոդվածագիրը, հղում տալով Իսրայելի պաշտոնյաների շրջանակում իր աղբյուրներին, նշում է, որ Ադրբեջանը ցանկանում է միջնորդական ջանքերով հաշտեցնել Թուրքիային և Իսրայելին:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Թուրքիան և Իսրայելը կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նկատմամբ վերջերս տարած հաղթանակում: Այժմ ՝ հրադադարից մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է կարգավորել հարաբերությունները իր երկու դաշնակիցների միջև:
Եվ Թուրքիայից, և Իսրայելից ստացված անօդաչու թռչող սարքերը և այլ զենքերը օգնել են Ադրբեջանին ռազմական գերակայություն ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Սակայն վերջին տասնամյակի մեծ մասը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սառեցված են:
Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջերս Էրդողանի հետ ունեցած զրույցում բարձրացրել է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածության հարցը:
Ալիևի խորհրդականներն իսրայելցի իրենց գործընկերներին ասել են, որ Էրդողանը դրական է արձագանքել հարաբերությունների բարելավման գաղափարին:
Էրդողանն Իսրայելի հասցեին ռազմատենչ հայտարարությունների պատմություն ունի, բայց Ալիևի խորհրդականները պնդում են, որ նա հակաիսրայելական չէ, նրան Իսրայելի դեմ հրահրել են օգնականները, որոնք, սակայն, այլևս նրան խորհուրդ չեն տալիս:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշքենազիի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի կարծիքով՝ Իսրայելի և Թուրքիայի համար լավ պահ է հասունացել «ցանկապատերը շտկելու» համար:
«Ալիևը և նրա ավագ խորհրդականները հաղորդել են, որ ցանկանում են տեսնել իրենց երկու լավ ընկերների՝ Թուրքիայի և Իսրայելի վերադարձը բնականոն հարաբերությունների, և նրանք պատրաստ են օգնել այդ հարցում»,-ասել է հոդվածագրին իսրայելցի պաշտոնյաներից մեկը:
Միևնույն ժամանակ այս լուրը հրաժարվել են մեկնաբանել և Իսրայելի ԱԳՆ-ն և Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը: