Թրամփը ներում է շնորհել 26 քաղաքացու, այդ թվում՝ իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին, նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին և փեսայի հորը՝ Չարլզ Քուշներին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ներում է շնորհել 26 քաղաքացու, որոնց թվում են իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը և նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը: Համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփը նաև ներում է շնորհել իր փեսայի՝ Ջարեդ Քուշների հորը՝ անշարժ գույքի գործակալ Չարլզ Քուշներին, որը դատապարտվել էր կեղծ հարկային հայտարարագրերի համար։
Ինչպես գրում է Reuters-ը, Թրամփը համաներման մասին որոշումը կայացրել է օգտվելով Սահմանադրությամբ միայն նախագահին տրված իրավունքից, և սպասվում է, որ մինչև հունվարի 20-ը համաներումների թիվը կավելանա։
Ընդհանուր առմամբ, Թրամփը ներում է շնորհել 26 մարդու, և ևս երեք մարդկանց դատավճիռները մասնակիորեն կամ ամբողջությամբ մեղմվել են։
Մանաֆորթը Թրամփի նախընտրական շտաբին միացել է 2016 թվականի մարտին, այն գլխավորել է հունիսին, սակայն արդեն օգոստոսին հեռացվել է այն բանից հետո, երբ Ուկրաինան վերջինիս մեղադրել է 2007-2012 թվականներին խոշոր դրամական միջոցների ապօրինի ձեռքբերման համար: 2019 թվականի մարտի 8-ին Ալեքսանդրիա քաղաքի (Վիրջինիայի նահանգ) դատարանը Մանաֆորթին հարկային և բանկային օրենսդրության խախտումների և արտասահմանյան բանկային հաշիվները թաքցնելու համար գրեթե չորս տարվա ազատազրկման է դատապարտել։ 2019 թվականի մարտի 13-ին Վաշինգտոնի դատարանը կեղծ ցուցմունքներ տալու և լոբբիստական գործունեության մասին օրենքները չպահպանելու համար նրան դատապարտել էր երեք տարվա և վեց ամսվա ազատազրկման: Ընթացիկ տարվա մայիսին Մանաֆորթը կորոնավիրուսի համավարակի պատճառով ազատ էր արձակվել: Բանտարկության մնացած մասը նրան թույլ էին տվել անցկացնել տանը։
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում էր 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, Ռոջեր Սթոունին մեղադրել էր WikiLeaks կազմակերպությունից հաքերների միջոցով նյութեր ձեռք բերելու փորձի համար, որոնք կարող էին վնաս հասցնել Թրամփի մրցակցուհու՝ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին: