Իշխանությունը հրաժարական կտա, երբ հալումաշ անի քաղաքացիներին, մինչև հասկանա, որ հրաժարական չտալը գլխատման վտանգով է հղի. Որ իր և ընտանիքի ֆիզիկական գոյությունն ավելի կարևոր է, քան աթոռն ու վայելքները. «Հրապարակ»
«Միայն ոչ քաղաքակիրթ երկրներում են մարդիկ կառավարությունների հրաժարականին հասնելու համար հազարներով լցվում փողոցներ և օրեր շարունակ միտինգներ անում, որ մերժելի վարչախումբը հեռանա։ Քաղաքակիրթ երկրներում հրաժարականները տրվում են օրենքների ու բարոյականության շրջանակներում, իսկ երբեմն՝ շատ անսպասելի։
Կառավարության ղեկավարն ուղղակի մի օր որոշում է, որ ինքն ու իր կառավարությունը չեն արդարացրել հանրության հույսերը, վրիպել են ինչ-որ հարցում կամ հոգնել են պաշտոններից և խաղաղ, ժպիտը դեմքին հրաժարական են տալիս։ Իսկ բարբարոսական երկրներում, որտեղ չկա հրաժարականների ավանդույթ, և հասարակությունն էլ քաղաքակիրթ պայքարի մեթոդներին չի տիրապետում, դիմանում են, մինչև դանակը ոսկորին է հասնում, ապա լցվում են փողոցներ, երբեմն էլ ատելի բռնապետներին գահընկեց անելու համար արյուն են թափում՝ զանգվածային անկարգություններ, ջարդ-փշուր, իսկ վերջում գլխատում են բռնապետներին, կամ սրանք մազապուրծ փախչում են երկրից՝ ապաստանելով որևէ քաղաքակիրթ երկրում, որտեղ իրավապահները պաշտպանում են նրանց կյանքը։
Մենք, անշուշտ, քաղաքակիրթ երկրների շարքին չենք դասվում՝ խաղաղ ու անսպասելի հրաժարականի հույսեր փայփայել դեռ երկար չենք կարողանա։ Հուսով եմ՝ բարբարոսական ցեղախմբերին էլ չենք պատկանում և արյուն հեղելով երբևէ չենք հասնի իշխանությունների հեռացմանը։ Մերը միջին տարբերակն է՝ երբ իշխանությունը սպասում է, որ մարդկային բազմությունը փողոցները հեղեղի և օրեր շարունակ հոգեմաշ պայքար տանի։ Այնքան ժամանակ, մինչև որ ինքն այլ ելք չունենա, քան հրաժարական տալն է։ Մինչև հասկանա, որ հրաժարական չտալը գլխատման վտանգով է հղի։ Որ իր և ընտանիքի ֆիզիկական գոյությունն ավելի կարևոր է, քան աթոռն ու վայելքները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: