Դժգոհ Էրդողանը քննադատել է Եվրոպական դատարանը
Թուրքիայի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին մեղադրել է «ահաբեկչին պաշտպանելու մեջ» այն բանից հետո, երբ որոշում կայացրեց, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակի հայտնի քուրդ քաղաքական գործչին, փոխանցում է AP-ն:
Ելույթ ունենալով իր իշխող կուսակցության օրենսդիրների առջեւ` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քուրդ քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշին «ահաբեկիչ» է անվանել: Էրդողանը Դեմիրթաշին մեղադրում է նաեւ Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված քուրդ ապստամբների հետ կապերի մեջ: Քուրդ քաղաքական գործչին 142 տարվա ազատազրկում է սպառնում ահաբեկչության մեղադրանքով, բայց նա հերքում է մեղադրանքները:
Դեմիրթաշը մեծությամբ երկրորդ ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդներից էր մինչեւ իր ձերբակալությունը 2016-ի նոյեմբերին: Նա երկու անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում Էրդողանի դեմ եւ կառավարության մոլի քննադատ է:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատը որոշում է կայացրել այն մասին, որ Դեմիրթասի չորս տարվա ազատազրկումը խախտում է նրա իրավունքները հինգ հիմնական կատեգորիաներով, այդ թվում` կամարտահայտման ազատության: Դատարանը հայտարարել է, որ Դեմիրթաշի երկարատեւ կալանքը երկու կարեւոր ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ Թուրքիան «բազմակարծությունը ճնշելու եւ քաղաքական բանավեճի ազատությունը սահմանափակելու թաքնված նպատակ էր» հետապնդում:
Էրդողանն ասել է, որ Եվրոպական դատարանը չի կարող որոշումներ կայացնել` շրջանցելով Թուրքիայի դատական համակարգը, իսկ թուրքական դատարանները «միայն» կգնահատեն ՄԻԵԴ-ի որոշումները: «Այս քայլերը քաղաքական դրդապատճառներ ունեն»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ դատարանը «երկակի ստանդարտներ է» կիրառել: Ընդ որում, ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ իր կայքը «լայնամասշտաբ» կիբերհարձակման է ենթարկվել Դեմիրթասի որոշման ընդունումից հետո, ինչի հետեւանքով կայքը մի քանի ժամով անհասանելի էր: