Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը չի հրաժարվելու ամանորյա ծրագրերից
Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը որոշել է չհրաժարվել ամանորյա ժամանցային ծրագրերից, չնայած տեղական իշխանությունների համապատասխան արգելքին: Այդ մասին հայտնել է TourDom.ru-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Թուրքիայի ՆԳՆ-ն շրջաբերական է հրապարակել, որը դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը կանոնակարգում է հյուրանոցների աշխատանքը: Փաստաթղթի համաձայն, արգելված են գալա-ընթրիքները, դիսկոտեկները, շոուները, դիջեյների ելույթները, ինչպեսև այդ միջոցառումների գովազդը: Ժամը 22:00-ից հետո պետք է անջատել երաժշտությունը հյուրանոցների ամբողջ տարածքում:
Հանձնարարվում է նաև թույլ չտալ մարդկանց կուտակումներ:
Շրջաբերականը խախտելու համար համալիրների ադմինիստրացիային սպառնում են ոչ միայն տուգանքներ, այլև քրեական պատասխանատվություն:
Առանձին տուրիստական գործակալների խոսքով՝ իշխանությունները բարերում և ռեստորաններում նույնիսկ գաղտնի արգելել են զբոսաշրջիկներին ալկոհոլ մատուցել: Ուստի Ամանորի տոնակատարության հարցը սուր է դրված:
Այդուհանդերձ, Անթալիայի տուրիստական գործակալության սեփականատեր Մարիա Շեքերի խոսքով՝ որոշումը հրապարակելուց հետո տոնական միջոցառումներից հրաժարվել են հատուկենտ հաստատություններ. հյուրանոցի տերերը չեն ցանկանում վերադարձնել վաստակած փողերը:
Այնուամենայնիվ, երեկոյան ծրագիրը ստիպված են եղել վերափոխել: Մասնավորապես, գալա-ընթրիքները չեղարկվել են ամենուրեք: Օրինակ՝ Անթալիայի խոշորագույն հյուրանոցներից մեկը, որպեսզի չհակասի կանոններին, ընթրիքը դարձրել է շվեդական սեղան, իսկ անցկացման վայրն առանձին խնջույքի սրահից տեղափոխել է համալիրի ռեստորան:
Ժամը 21:00-ից հետո երաժշտությունն անջատել չի պատրաստվում, պարզապես սրահում կմնան այն երաժիշտները, որոնք առանց այդ էլ այցելուների համար նվագում են ուտելու ժամանակ:
Հյուրանոցների ցանցի վաճառքների գծով տնօրեն Սամի Յըլմազի խոսքով՝ հայտարարված միջոցառումները գործնականում ամբողջովին կիրականացվեն բոլոր օբյեկտներում, սակայն դրանց ավարտվելու ժամանակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու է հյուրանոցի ադմինիստրացիան: Հյուրանոցներում ջանալու են փոխզիջում գտնել շրջաբերականի կատարման և հյուրերի հետաքրքրությունների միջև»,- ասել է նա։