Թուրքական դատարանը լրագրող Ջան Դյունդարին 27 տարվա ազատազրկման է դատապարտել
Թուրքիայում դատարանը հրապարակել է լրագրող Ջան Դյունդարի դատավճիռը, ով մեղադրվում էր «քաղաքական եւ ռազմական լրտեսության», ինչպես նաեւ ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, նա 27 տարի 6 ամիս ազատազրկում է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը ԶԼՄ-ի աշխատակցին մեղավոր է ճանաչել Ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ «գաղտնի տեղեկատվություն ստանալու» եւ դրանք հրապարակելու մեջ, ինչի համար դատապարտել է 18 տարի 9 ամիս ազատազրկման: Դյունդարը մեղավոր է ճանաչվել նաեւ «Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպությանը» աջակցության մեջ (8 տարի 9 ամիս ազատազրկում):
Ըստ Hurriyet թերթի` Դյունդարը բնակվում է Գերմանիայում: Նա նիստերին ներկա չի գտնվել: Անկարան պահանջում է Բեռլինից արտահանձնել ամբաստանյալին: Բացի այդ, 2018-ին Թուրքիայի նախաձեռնությամբ Ինտերպոլը նրան նկատմամբ հետախուզում էր հայտարարել:
Ըստ մեղադրող կողմի` 2015 թվականին Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Դյունդարը տեղեկություն էր ստացել այն մասին, որ թուրքական հետախուզությունը իբր զենք է մատակարարել Սիրիայում իսլամիստ գրոհայիններին` բեռնատարներով հասցնելով այն հարեւան երկիր: 2015-ի նոյեմբերին համապատասխան հոդվածի հրապարակումից հետո լրագրողը ձերբակալվեց: 2016-ի փետրվարին ձերբակալման ընթացքում խախտումների պատճառով դատարանը նրան ազատ արձակեց երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Նույն թվականի մայիսին Դյունդարի վրա անհաջող մահափորձ կատարվեց, իսկ հունիսին նա լքեց Թուրքիան` որպես ժամանակավոր բնակության վայր ընտրելով Գերմանիան: Այս գործով անցնում էր ընդհանուր 17 մարդ: Այս պահի դրությամբ նրանց մի մասը ազատ է արձակվել, ոմանք էլ ազատազրկման ժամկետներ են ստացել: Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել նաեւ ծայրահեղական կազմակերպությունների օժանդակության եւ ահաբեկչության քարոզչության մեջ: