Արկադի Անդրեասյանի հիշատակին. ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: ՀՖՖ-ն նաև տեսանյութ է պատրաստել Արկադի Անդրեասյանի հիշատակին:
Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը 73 տարեկանում մահացել է սրտի խնդիրների պատճառով:
2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, անյուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000): «Արարատի» կազմում նա անցկացրել է 242 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ: Արկադի Անդրեասյանը 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է: