Փաշինյանը պատերազմը կանգնեցրեց մի ժամանակ, որ ունենանք ամենածանր կորուստը, հեռանալուց էլ է այդպես անելու, կգնա այն ժամանակ, երբ կբերի ամենամեծ վնասը, դա բնավորություն է. Վազգեն Մանուկյան
Մեր ժողովուրդը, պարզվեց, շատ բարի ու օրինապաշտ է, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ ընկներ, այդ ղեկավարը 2-3 օրից ավելի չէր մնա, մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին երեկ հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա իր խոսքում նշեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այն ամենածանր վիճակին, կարող էր շուտ կանգնել, բայց ինքը կանգնացրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը: «Հրաժարական տալուց նույնն է անելու, ինքը դուրսը կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է, և մեզնից է կախված, որ այդ պրոցեսը արագացնենք»,- հայտարարեց նա:
Մանուկյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենք գնում են հանդարտ, օրինական ճանապարհով, բայց նա չպետք է մնա, և իրենց ճանապարհը և գործողություններն օրեցօր պետք է խոստանան: «Պահ կգա, որ չենք նայի, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորն այն է, որ նա գնա: Մաղթում եմ մեզ բոլորիս հաղթանակ, առանց հաղթանակի մենք չենք ունենա հայրենիք»,- եզրափակեց նա: