Եվրոպայի մուսուլմանների նախաձեռնության թուրք խոսնակի մոտ հայտնաբերվել է 100 կգ հերոին
Եվրոպայի մուսուլմանների սոցիալական համախմբման նախաձեռնության մամուլի խոսնակ և Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մամուլի նախկին խորհրդական Վեյսել Ֆիլիզի մեքենայում 100 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալության թուրքական բաժինը։
Նախապես ստացված տեղեկությունների հիման վրա Թուրքիայի ոստիկանությունը ընտանիքի հետ Բուլղարիա մեկնել ցանկացող Վեյսել Ֆիլիզին «Էդիրնե Համզաբեյլի» սահմանային անցակետում բերման է ենթարկել։ Խուզարկվել է Ֆիլիզի մեքենան, որի գաղտնի խցիկում հայտնաբերվել է 100 կիլոգրամ հերոին՝ մոտ 5 միլիոն եվրո շուկայական արժեքով:
Ֆիլիզը հեռացվել էր իր պաշտոնից Թուրքիայում 2016թ․ հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով «գյուլենականներին» աջակցություն ցուցաբերելու մեջ։ Հայտնի է դարձել, որ Ֆիլիզը շահել էր իր դեմ ներկայացված բոլոր դատավարությունները և մեկ ամսվա ընթացքում պետք է վերադառնար իր պաշտոնին։ Յոզգաթում գտնվող Վեյսել Ֆիլիզի հարազատները պնդում են, որ միջադեպը դավադրություն է և Էրդողանը փորձում է անհիմն մեղադրանքներով պատժել նրան «գյուլենական» լինելու համար։