Թուրքիայում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ի համար Ս-400-ի հետ կապված ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքների մասին
Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան համատեղ գործունեության վրա ՆԱՏՕ-ի շրջանակներում, Անկարան այս որոշման վերանայում է ակնկալում Վաշինգթոնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Ս-400-ների գնման համար պատասխանատու թուրք պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ:
«Մենք կանենք հնարավորը, որպեսզի ԱՄՆ պատժամիջոցները որեւէ կերպ չվնասեն մեզ: Դա բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի հետ մեր համատեղ գործունեության վրա: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերադառնան այս սխալ որոշման վերանայմանը: Մենք ակնկալում ենք, որ այն կշտկվի»,- ասել է Աքարը NTV հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանի նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էին 2019-ի հուլիսի կեսերին: Վաշինգթոնը պահանջել էր հրաժարվել գործարքից եւ դրա փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին Ֆ-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել CAATSA-ի («Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի) համաձայն: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի գնման շուրջ: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի` ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի դեմ եւս մեկ անգամ վկայում են Վաշինգտոնի` արդար կերպով մրցակցելու անկարողության մասին: