«Մեր դիրքորոշումը չի փոխվել. Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արևելքից զինյալներ չպիտի լինեն». ՌԴ փոխարտգործնախարար
ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ղարաբաղյան վերջին պատերազմում Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը:
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը արձանագրված փաստ է, որը հաստատել ենք ոչ միայն մենք: Նրանց թիվը մոտ 2000 էր:
Մենք հենց սկզբից անհանգստություն ենք հայտնել ջիհադիզմի գաղափարախոսությունը դավանող ծայրահեղ տրամադրվածություններով վարձկանների այնտեղ հայտնվելու կապակցությամբ: Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. Նրանք այնտեղ չպիտի լինեն»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։