Ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մյուս մասով շրջափակում ենք կառավարության շենքը. Մենք ունենք 4 իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը Սաղաթելյան
Մենք ունենք 4 իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Առաջինը այն է, որ ինքը շատ պարզ, ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին: Երկրորդ ճանապարհը, որ ԱԺ-ն հայտարարի արտահերթ նիստ եւ քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը: Երրորդ ճանապարհը, որ դատախազությունն հապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, մեղադրանք առաջադրի եւ նրան ձերբակալի: Եվ չորրորդ ճանապարհը՝ կառավարության անդամների 2/3-ի պահանջով գումարվի նիստ եւ դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը»,-ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այդ 4 ուղղություններով հետեւողականորեն շարունակելու են ճնշումները. «Նախ, պայմանավորվել ենք, որ սադրանքների չենք տրվում: Այս կառավարության գործունեությունն այլեւս մեզ պետք չէ: Նրա որոշումները հակապետական են, հակաազգային են եւ չեն բխում մեր ժողովրդի շահերից:
Առաջարկում եմ՝ ժողովրդի մի մասը մնում է այստեղ՝ Հանրապետության հրապարակում, մի մասը այն կողմից, մենք ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետեւ այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական է, հակաազգային է եւ մեզ պետք չէ:
Սադրանքների չենք տրվում, որեւէ մեկը փորձ չանի մտնել շենք, որովհետեւ այս պահին դա մեզ պետք չէ: Ցանկացած շենք մեր ժողովուրդը երբ ուզի կվերցնի, բայց խնդիրը դրա մեջ չէ: Մեր հետեւողական գործունեության արդյունքում պետք է պետական ամբողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,-ընդգծեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ հաղթանակը շատ մոտ է:
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո Հանրպետության հրապարակում հավաքված քաղաքացիների մի մասը մոտեցավ կառավարության շենքին, որի մոտ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել: