Ռուսաստանում «նարնջագույն հեղափոխության» սցենարն արդեն գրված է․ Regnum
Ռուսական ԶԼՄ-ներում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսից և դրան նախորդած իրադարձություններից հետո ակտիվ քննարկվում է տեսակետն առ այն, որ, ըստ էության, Ռուսաստանում «նարնջագույն հեղափոխության» սցենարը գրվել և փորձարկվել է Բելառուսում։ Թեև այն Ռուսաստանի քաղաքական օրակարգի և դրա առանձնահատկությունների հետ կապված՝ կունենա իր առանձնահատկությունները, ընդհանուր առմամբ, այն համոզմունքը, որ Բելառուսի սցենարը Ռուսաստանի համար էր պատրաստվել և այժմ գտնվում է խմբագրական փուլում, օրեցօր ամրապնդվում է, ռուսական Regnum լրատվական գործակալությունում հրապարակաված հոդվածում գրում է վերլուծաբան Ալեքսանդր Խալդեյը։
Նրա խոսքով՝ սկսվել է «ռուսական մայդանի» նախապատրաստումը՝ նվիրված Պետդումայի ընտրությունների օրվան: Բայց սա վերջնական կայան չէ, այլ միջանկյալ։ Ապակայունացումը պետք է դառնա մշտական, աճող և չդադարող։ Այն պետք է ստեղծի նոր քաղաքական իրականություն, որտեղ խմորումը չի դադարի մինչև նախագահական ընտրություններ։
Նպատակը Ռուսաստանի նախագահական ընտրությունների ապալեգիտիմացումն է՝ նրա քաղաքական համակարգի կործանմամբ, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ եթե ծրագիրը ձախողվի, դրա իրականացման համար պայքարն ամեն դեպքում հասարակության մեջ կոնֆլիկտ կհասունացնի, որի պտուղները կմնան և կկեղեքեն նոր իշխանությանը՝ նրանց նկատմամբ արտաքին ճնշման համար հնարավորություն ստեղծելով։
Բոլոր «նարնջագույն հեղափոխությունները», ինչպես հայտնի է, մեկնարկում են Էկզիթփոլերի անցկացման ավարտից հետո։ Սկսվում է ընտրությունների վարկաբեկման արշավը, ամենուր ի հայտ են գալիս իշխանության դեմ հարձակումներ և հասարակության անհրաժեշտ արձագանքի համար նրանք սկսում են մարդկանց հրամցնել ընտրությունների ակնհայտ ոչ լեգիտիմ լինելու միտքը։ Իսկ եթե իշխանությունը լքի «ամրոցը» ու ցրի ընդդիմությանը, ապա նրան կպիտակավորեն «թույլերին ծեծում են» բացականչություններով։ Թոհուբոհին կմիանան օտարերկրյա պետությունների կողմից հովանավորվող կանոնավոր քաղաքական զորքերը, և արդյունքում իշխանությունը կվերածվի գայլերի ոհմակից պաշտպանվող արջի, գրում է Խալդեյը։
ԶԼՄ-ներում արդեն հայտնվել է 2020-2021 թվականների ոչ համակարգային ընդդիմության բողոքի արշավի օրացույցային պլանը, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ ընդդիմությունը, թիրախավորելով Պետդումայի ընտրությունները, առաջին հերթին թիրախավորում է նախագահական ընտրությունները, ավելի ճիշտ՝ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նրա խոսքով՝ խնդիրն է Պետդւմային թույլ չտալ կայուն կոալիցիա ձևավորել, որը կարող է անցումային շրջանում կայունացնել իրավիճակը, իսկ հետո, օգտվելով դրանից, խռովություն սերմանել վերնախավում և թույլ չտալ Պուտինի կամ նրա ցանկացած հետնորդի ընտրությունը։
Արևմուտքի (ընդդիմության գլխավոր խամաճիկային տիրոջ) գերխնդիրն է թույլ չտալ նախագահական իշխանության գալ այն ուժերին, որոնք կշարունակեն Ռուսաստանի ինքնիշխանության և նրա շուրջ հետխորհրդային տարածքի կոնսոլիդացիայի պուտինյան ուղեգիծը։