Թրամփն իշխանությունը պահելու նպատակով դիմում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներին. Tehran Times
Իրանական tehrantimes.com լրատվական գործակալությունն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, իբր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ռազմական դրություն հայտարարել երկրում՝ իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու նպատակով:
Ըստ լրատվական աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լարված հանդիպում է անցկացրել Սպիտակ տանը՝ նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները բեկանելու նպատակով: Հանդիպումը, որի մասին առաջին անգամ հաղորդել է The New York Times-ը, տեղի է ունեցել ուրբաթ փաստաբան Սիդնի Փաուելի և նրա պաշտպանյալի ՝ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ: Դրա ժամանակ առաջարկ է հնչել երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին:
Ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինն ասել է, որ միայն այդ դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կկարողանար բեկանել ընտրության արդյունքները որոշ նահանգներում, որտեղ, ըստ նախագահ Թրամփի, ընտրության արդյունքները չեն համապատասխանում իրական պատկերին և կեղծված են:
Նախագահ Թրամփը, սակայն, ռազմական դրության մասին լուրերը համարել է կեղծ:
«Ռազմական դրությունը հավասար է կեղծ տեղեկության: Պարզապես վատ հաղորդագրություն է», - թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահը:
Ընտրություններից ի վեր, և նույնիսկ ընտրություններից առաջ, Թրամփն անընդհատ ասում էր, որ ընտրությունները կեղծվելու են, ուստի նա չի ընդունում իր պարտությունը: Թրամփի քարոզչական խումբը փորձել է ընտրությունների արդյունքները բեկանելու բազմաթիվ եղանակներ: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել փոխել ընտրությունների արդյունքը, նրանք դիմել են Գերագույն դատարան, ինչը, իր հերթին, նույնպես հիասթափեցրել է Թրամփին և նրա կողմնակիցներին:
Գերագույն դատարանի որոշման հրապարակումից ի վեր դաշտ է նետվել ռազմական դրություն մտցնելու գաղափարը, որը կարող է լինել Սպիտակ տանը Թրամփի գտնվելու ժամկետը երկարացնելու վերջին միջոցը:
Ռազմական դրությունը նախատեսված է ճգնաժամային պայմաններում կարգուկանոն պահպանելու համար: Այն պարտադրվում է, երբ քաղաքացիական իշխանությունը ձախողվում է: Ռազմական դրությունը քաղաքացիական իշխանության փոխարինումն է ժամանակավոր ռազմական լիազորություններով: Բայց ռազմական դրության հստակ սահմանում չկա, և պարզ չէ, թե ինչ պայմանով է դա կիրառվում:
Այնուամենայնիվ, ըստ հեղինակի, ռազմական դրություն հայտարարելու համար պահանջվում է քաղաքացիական ինստիտուտների ձախողում: Բայց դա դեռ պետք է տեղի ունենա, քանի որ քաղաքացիական ինստիտուտները դեռ աշխատում են, և Թրամփը դժվարանում է արդարացնել հնարավոր ռազմական դրություն հայտարարելը: