«Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը». Պուտին
Իրավիճակի սրման մեծ ռիսկեր կարող են առաջանալ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում, գրում է EADaily լրատվականը:
«Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման մեծ ռիսկեր կան: ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, զենքի կառավարման համակարգի դեգրադացիան շարունակվում է», -ասել է պետության ղեկավարը:
«Հորինված պատրվակներով ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդի և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք բազմիցս հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա», -ասել է նա:
Ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, «ռուսական կողմը մանրամասնորեն վերլուծում է ներկայիս աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսում դրա զարգացման հնարավոր տարբերակները»:
Այս կապակցությամբ Պուտինը ասել է, որ 2020 թվականին ավարտվել է պետական պաշտպանության պլանավորումը հաջորդ հինգ տարիների համար: Այս աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող առկա և կանխատեսվող բոլոր սպառնալիքները, ինչպես նաև բանակի և նավատորմի աճող մարտական կարողությունները:
«Հիմնական եզրակացությունն ակնհայտ է: Մենք շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը, բարձրացնել նրանց մարտական պատրաստվածությունն ու արդյունավետությունը», - հավելել է Պուտինը: