Լոնդոնի բնակիչները նոր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով զանգվածաբար լքում են քաղաքը
Լոնդոնի բնակիչները զանգվածաբար լքում են մայրաքաղաքը` կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերման ֆոնին մտցված սահմանափակումների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Ըստ պարբերականի տվյալների՝ քաղաքի հիմնական երկաթուղային կայարաններում կուտակվել են քաղաքաբնակների բազմություններ, որոնք փորձում են դուրս գալ Լոնդոնից ՝ մինչ նոր սահմանափակող միջոցների ուժի մեջ մտնելը: Մեծ խցանումներ են եղել նաև մայրուղիներում, որոնք Լոնդոնը կապում են երկրի այլ մասերի հետ:
Մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
Աշխարհի գրեթե երկու տասնյակ երկրներ, ներառյալ ԵՄ անդամ առնվազն 14 պետություն, որոշել են դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Մեծ Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարատեսակ: