«Կիբերվրեժխնդրություն». Բայդենի թիմը հաքերային սկանդալի ֆոնին մտածում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ սեփական իրազեկ աղբյուրին հղումով:
Նշվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը կքննարկի Ռուսաստանին դեմ պատժամիջոցներ մտցնելու մի քանի տարբերակ՝ ԱՄՆ պետական գործակալությունների և ընկերությունների նկատմամբ հավանական հաքերային հարձակման համար:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի այնքան ուժեղ, որ «հանցագործների» համար մեծ տնտեսական, ֆինանսական ու տեխնոլոգիական կորուստներ ստեղծի:
Միևնույն ժամանակ, պատժամիջոցները պետք է թույլ տան խուսափել երկու միջուկային տերությունների միջև հակամարտության սրումից: Որպես Միացյալ Նահանգների պատասխան՝ Բայդենը կարող է դիտարկել Ռուսաստանի դեմ տնտեսական միջոցները, ինչպես նաև պատասխան հաքերային հարձակումները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լուրեր էին շրջանառվում, թե մի խումբ ռուս հաքերների հաջողվել է մուտք գործել ԱՄՆ ֆինանսների նախարարության և Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչության համակարգ և հափշտակել նրանց տվյալները:
Ի պատասխան՝ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը դատապարտել էր ամերիկյան ԶԼՄ-ների՝ Մոսկվային կիբերհարձակումների համար մեղադրելու փորձերը: