«Նա պետք է վճարի իր արարքների գինը». Բայդենն, ի տարբերություն Օբամայի և Թրամփի, պետք է այլ քաղաքականություն որդեգրի Թուրքիայի հարցում․ New York Post
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն իր նախորդների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի, Թուրքիայի հարցում պետք է այլ քաղաքականություն որդեգրի, գրում է New York Post թերթը։
2014 թվականին The New York Times-ին տված հարցազրույցում Բայդենն Էրդողանին «բռնապետ» էր անվանել և հայտարարել, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմադր ուժերին, որոնք ցանկանում են Էրդողանին հեռացնել իշխանությունից։
«Նա պետք է վճարի իր արարքների գինը»,- ասել էր Բայդենը։
Սակայն ինչպես նկատում է թերթը, Օբամայի և առավել ևս Թրամփի օրոք Էրդողանը մեծ գին չի վճարել։ Նա երկար ժամանակ մահմեդական աշխարհում նախագահ Բարաք Օբամայի սիրելի առաջնորդն էր, մինչդեռ Թրամփը պարծենում էր, որ նա և Էրդողանը «շատ լավ ընկերներ են»։
Թերթը նշում է, որ Էրդողանն իր նախագահության տարիներին բանտ է նստեցրել տասնյակ հազարավոր քաղաքական քննադատների և լրագրողների։
«Նա նաև անշեղորեն աշխատում է վերջ դնել հանրապետության պաշտոնական աշխարհիկությանը, վարում է արմատական մահմեդականների «բարեպաշտ սերնդի» ստեղծմանն ուղղված քաղաքականություն, որոնք «կաշխատեն նոր քաղաքակրթության կառուցման համար», ինչն ընդգծում է օսմանյան պատմությունը, այլ ոչ թե արևմտյան իդեալները»,- գրում է թերթը՝ նշելով, որ Էրդողանի կառավարությունը նաև պատերազմը է վարում թուրքական քրդերի դեմ և նույնիսկ այդ հակամարտությունը տեղափոխել է հարևան Սիրիա, որտեղ քաղաքացիական պատերազմին նրա միջամտությունն ավելի շատ կապված էր այդ երկրի քրդերի սանձահարման և նրա իսլամիստական դաշնակիցների աջակցության, քան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին հակազդելու հետ։
Բայդենը հնարավորություն ունի վերաբեռնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ինչպես նշել է թուրք լրագրող Ասլի Այդինտասբը, Թուրքիան այդքան հեռու չէր շեղվի Արևմուտքից, և մարդու իրավունքների ոլորտում նրա դիրքն այնքան սարսափելի չէր լինի, եթե Թրամփն ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր Էրդողանի նկատմամբ, հավելում է թերթը։