Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ, նոր թանկացումներն այլևս անխուսափելի են․ Վահե Դավթյան
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ։ Գրառումը՝ ստորև․
«Ինչպես և կանխատեսում էի, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ:
Համակարգն այլևս ի վիճակի չէ դիմակայել դրանում առկա բացասական գործոնների համալիրին, որոնցից թերևս առանցքայինը շարունակում է մնալ ապաշնորհ ու անպատասխանատու կառավարումը:
Այսպիսով, ամսական 400 կՎտ/ժ-ից ավելի սպառողների համար առաջարկվում է սակագինը բարձրացնել 3 դրամով: Այսինքն՝ թիրախում է բիզնեսը, որն առանց այդ էլ հայտնվել է չափազանց ծանր վիճակում՝ պայմանավորված թե կորոնավիրուսով, թե պատերազմով, թե գազի սակագների բարձրացմամբ:
Հետևաբար, նոր թանկացումներն այլևս անխուսափելի են: Անխուսափելի են նաև Հայաստանի բիզնես-դաշտի պարալիզացումն ու սոցիալական խորքային աղետը:
Վայելեք «տնտեսական հեղափոխությունը», թավիշն ու ձեր սրտի կառավարության մարտնչող դիլետանտիզմը: «Տվողը» սիրում է բոլորիդ ու խոնարհվում է բոլորիդ առաջ»: