Մեսին առաջարկ չի ստացել ոչ «Բարսելոնայից», ոչ այլ ակումբներից
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ապագան շարունակվում է մնալ անորոշ:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողին նոր պայմանագիր կնքելու առաջարկ չի կատարել «Բարսելոնայի» նախագահի թեկնածուներից ոչ մեկը: Մեսին առաջարկներ չի ստացել նաև այլ ակումբներից:
Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ եթե արգենտինացի հարձակվողը նոր պայմանագիր չկնքի Իսպանիայի փոխչեմպիոնի հետ, ապա ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ այս ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս: