Մալխաս Ամոյան. Թուրքի նկատմամբ հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված, վիրավորված, մասնակցած բոլոր զինվորներին
Աշխարհի գավաթում թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված, կռված բոլոր զինվորներին: Շնորհակալություն նրանց կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 72 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը:
2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն աշխարհի գավաթում 4 գոտեմարտ անցկացրեց: Եզրափակիչի ճանապարհին երիտասարդ ըմբիշը հաղթեց 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (6:0), երկրորդ գոտեմարտում 1 րոպե 47 վայրկյանում տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ (12:0), կիսաեզրափակիչում շանս չտվեց թուրք Չենգիզ Արսլանին (7:0):
Եզրափակիչում Ամոյանը մրցեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ մրցակցի վերջին միավորի առավելությամբ պարտվեց 1:1 հաշվով:
Մալխաս, շնորհավորում եմ արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ: Եզրափակիչում շատ մոտ էիր ոսկե մեդալին: Ի՞նչը խանգարեց քեզ հաղթանակի համար:
Ավելի ուրախ կլինեի, որ կարողանայի ոսկե մեդալ նվաճել: Իմ թերության պատճառով սխալ մոտեցա եւ պարտվեցի: Հունգարացու հետ ցանկանում էի 4 միավորանոց հնարք կատարել, ճիշտ չմոտեցա եւ արդյունքում ոչ մի միավոր չվաստակեցի:
Այնպես չի, որ հաղթանակի համար ինձ ինչ-որ բան խանգարեց: Կարող էի նրան հաղթել, ուղղակի սխալն իմն էր, այդ պատճառով զիջեցի: Միայն իմ մեղքի բաժինն է, որ ոսկե մեդալը չնվաճեցի:
Բելգրադի մրցագորգում 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րն էր ամենատպավորիչը քեզ համար:
Ամենատպավորիչն ու կարեւորն ինձ համար թուրքի հետ գոտեմարտն էր կիսաեզրափակիչում: Այս գոտեմարտն այն առումով եմ առանձնանում, որ կարեւոր էր ոչ միայն ինձ համար, այլեւ իմ ազգի: Երբ գոտեմարտից առաջ տեսա, թե ինչպես են սպասում թուրքի հետ պայքարին, ինչպես են ինձ երկրպագում, ոգեւորում, ավելի մեծ պատասխանատվությամբ տրամադրվեցի: Ինձ համար կարեւոր էր հաղթել: Պատերազմից հետո այդ հաղթանակը առավել քան պետք էր: Գիտակցում էի, որ պետք է իմ ձեռքը բարձրանա այդ գոտեմարտի ավարտին, քանի որ այդ փոքր հաղթանակով ինչ-որ չափով կարողանալու եմ ուրախացնել իմ ժողովրդին: Պարտավորվածությունս շատ մեծ էր, ճիշտ կարողացա տրամադրվել, մարզիչների հրանահանգը ճիշտ կատարել ու հաղթեցի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: