Նեյմարին վնասվածք հասցրած ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել 2 խաղով որակազրկել «Լիոնի» կիսապաշտպան Տիագո Մենդեշին, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Տիագո Մենդեշը Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղում վնասվածք էր հասցրել բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Փարիզում տեղի ունեցած հանդիպման վերջնամասում «Լիոնի» կիսապաշտպան Տիագո Մենդեշը սահանկումով տապալել է 28-ամյա բրազիլացին: Մրցավարն այդ խախտման համար դեղին քարտ է ցույց տվել Մենդեսին, սակայն VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նրան հեռացրել է դաշտից:
Նեյմարը սրունքթաթային հոդի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել խաղը: Բրազիլացուն դաշտից դուրս են բերել պատգարակով:
Այդ խաղում ՊՍԺ-ն պարտվել էր նվազագույն հաշվով: Այդ հաղթանակից հետո «Լիոնը» 29 միավորով հավասարվեց առաջատար «Լիլին», իսկ ՊՍԺ-ն երրորդն է՝ 28 միավոր։