Էրդողանի՝ արևմուտքում իսլամատյացության դեմ պայքարելու հռետորաբանությունն ու հակասեմական անցյալը․ Jerusalem Post
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արևմուտքում իսլամատյացության դեմ հանդես գալու ջանքերը անհաջողության են մատնվում նրա հակասեմական անցյալի պատճառով: Այդ մասին Jerusalem Post թերթի համար հրապարակված հոդվածում գրել է պատմաբան Էլդադ Բեն Ահարոնը։
Հոկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը եվրոպացի մահմեդականների հետ վարվել են այնպես, ինչպես հրեաների հետ։
Պատմաբանի խոսքով՝ այս համեմատությամբ, հակասեմականությունն ու Հոլոքոստը շահարկելով՝ Էրդողանը փորձում է ազդել եվրոպացիների զգացմունքների վրա։
Սակայն, նրա խոսքով, Էրդողանի՝ անցյալում արված հակասեմական արտահայտությունները, փոքրամասնությունների հետ նրա վերաբերմունքի և իշխանության սիստեմատիկ չարաշահման կապակցությամբ եվրոպական երկրների հետ հարաբերություններում մշտական լարվածությունը ցույց են տվել, որ իսլամաֆոբիայի վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը պատեհապաշտական է։
«2002 թվականից, երբ իշխանության եկավ Էրդողանի կուսակցությունը, թուրք հրեաների նկատմամբ հակասեմականության աճ է նկատվում»,- հավելել է նա։