ԱՄՆ-ն փակում է Ռուսաստանում մնացած երկու հյուպատոսությունները
Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսությունը կփակվի, Եկատերինբուրգում հյուպատոսությունը աշխատանքը կդադարեցնի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Associated Press-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրեսին իրազեկել է Ռուսաստանում մնացած երկու հյուպատոսությունների աշխատանքի դադարեցման ծրագրերի մասին:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանում դեսպան Ջոն Սալիվանի հետ սերտ խորհրդակցությունների ժամանակ որոշել է փակել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնել Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքը: Սա Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անվտանգ գործողությունների ապահովման մեր շարունակվող ջանքերի մասն է»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է Ռուսաստանում դիվանագիտական առաքելությունների աշխատանքի օպտիմալացման նպատակով: «Արդյունքում Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների վերաբաշխումը մեզ թույլ կտա Ռուսաստանում արտաքին քաղաքականության մեջ մեր շահերն առաջ մղել առավել արդյունավետ եւ անվտանգ կերպով»,- հավելել է նա:
Ընդ որում՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսությունների դեմ ոչ մի միջոցառման կիրառում չի նախատեսվում: