Դեկտեմբերի 21-ին Բայդենն ու նրա տիկինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ ընտրված նախագահ Բայդենն ու նրա տիկինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, հայտնել է դեմոկրատի անցումային թիմի խորհրդական Ջեն Փսակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընտրված նախագահ Ջո Բայդենն ու բժիշկ Ջիլ Բայդենը կստանան կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը երկուշաբթի Դելավեր նահանգում»,-տեղեկացրել է Փսակին: Հաջորդ շաբաթ կպատվաստվեն նաեւ ընտրված փոխնախագահ Կամալա Հարիսն ու նրա ամուսինը:
ԱՄՆ գործող փոխնախագահ Մայքլ Փենսն ու նրա տիկին Քարեն Փենսը, ինչպես նաեւ ռազմաբժշկական ծառայության ղեկավար, փոխծովակալ Ջերոմ Ադամսը ուրբաթ լրագրողների ներկայությամբ պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ: Խոսքը վերաբերում է ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութին:
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայություններին կից սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունը հաստատել է Pfizer եւ BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը: Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 95 տոկոս երկրորդ դեղաչափի ներարկումից հետո, ուստի յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է երկու դեղաչափ: Պատվաստանյութը պետք է պահպանվի ըստ Ցելսիուսի 75-80 աստիճան ցրտի պայմաններում: ԱՄՆ-ում դեղամիջոցը սկսել է կիրառվել դեկտեմբերի 14-ին: