Համապատասխան կառույցներն արդեն վստահ են, որ սգո երթին բազմամարդություն են ապահովելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես երեւում է, նույնիսկ մեր հազարավոր նահատակների հիշատակն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար PR-ի առիթ: Այսօր նախատեսվում է հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Կան տեղեկություններ, որ Փաշինյանն ուզում է այս երթը յուրօրինակ «վստահության ակցիա» դարձնել՝ ի պատասխան ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ու քայլերթերի:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան զեկուցվել է, որ մարդիկ իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը ցանկանում են մատուցել առանց Փաշինյանի ու նրա թիմի, ուստի իրենց հետ շատ քիչ «քայլողներ» են լինելու: Այդ իսկ պատճառով, ըստ տեղեկությունների, բոլոր նախարարությունների, մարզպետարանների, պետական այլ կառույցների ու իշխանությունների «սրտի» գործարարների վրա մարդաքանակի «պլան» է դրվել, եւ մարդկանց համոզելու, խոստումների ու սպառնալիքների միջոցով այսօր բերելու են երթի:
Միեւնույն ժամանակ հսկայական դժգոհություն կա հանրության շրջանում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նման բան են նախաձեռնել: Շատերի կարծիքով , նրանք իրավունք չունեն մտնել Եռաբլուր. այդ մասին արդեն հայտարարել են բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ, այդ թվում՝ զոհվածների ծնողներ:
Այդուամենայնիվ, երեկ պարզվեց, որ երթին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ըստ երեւույթին, համապատասխան կառույցներն արդեն վստահ են, որ բազմամարդություն են ապահովելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում