«Truth to Power». Սերժ Թանկյանի մասին վավերագրական ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասին «Truth to Power» ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։
Rolling Stone-ի հաղորդմամբ՝ վավերագրական ֆիլմը կպատմի երաժիշտի ակտիվության մասին։ Այն բացառիկ հարցազրույցներ կներառի Թանկյանի հետ, ինչպես նաեւ կներկայացնի նրա անձնական կադրերից:
«Այն պատմում է, թե ինչպես են սոցիալական արդարության որոնումները երգչին ուղեկցել երիտասարդ տարիքից, եւ ինչպես է նա կարողացել երաժշտությունն օգտագործել փոփոխությունների իր ուղերձը հասցնելու համար»,- նշել է պարբերականը։ «Truth to Power»-ը նաեւ ցույց է տալիս, թե ինչպես է Թանկյանը երաժշտություն գրում։ Դրանում ներառված կլինեն հարցազրույցներ «System of a Down»-ի մյուս անդամների, պրոդյուսեր Ռիք Ռուբինի, ինչպես նաեւ կիթառահար Թոմ Մորելոյի հետ։ «Truth to Power» ֆիլմի ռեժիսորը Գարին Հովհաննիսյանն է։
Պարբերականը հիշեցրել է, որ Թանկյանն ու «System of a Down»-ի մյուս անդամները վերջերս միավորվել են՝ 15 տարվա դադարից հետո երգեր ձայնագրելու համար։ Երկու նոր երգերը՝ «Protect the Land» եւ «Genocidal Humanoidz», ձայնագրվել են՝ բարձրացնելու համար տեղեկացվածությունը Արցախում ճգնաժամի մասին։ Rolling Stone-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ խումբը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում երգերն իրենց օգնել են 600 հազար դոլար հավաքել օգնության համար։