Ալեքսանդր Պետրովն իրականացրել է ծանր հիվանդ 12-ամյա աղջկա երազանքը
Մանկական «Дом с маяком» հոսպիսում Նոր տարին նշել են դրանից երեք շաբաթ առաջ։ 12-ամյա Վալյա Խարիչեւայի համար, որը տառապում է Յուինգի սարկոմայի 4-րդ աստիճանով, որոշել են ավելի վաղ տոն կազմակերպել։ Աղջիկը երազում էր տոնի ու նվերների մասին, սակայն գուցե չապրեր մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Տոներին Վալյային հյուրընկալվել է դերասան Ալեքսանդր Պետրովը, որին տեսնելու համար փոքրիկը շատ ուրախ էր։ Արտիստը «Дом с маяком» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
«Վալյային iPhone բերել է արտիստ Սաշա Պետրովը։ Պարզվեց՝ Վալյան շատ էր երազում հանդիպել նրա հետ, այդ մասին ասել էր դեռ հիվանդանոցում, սակայն այնտեղ չեն կարողացել իրականացնել այդ երազանքը։ Վալյան այնքան ուրախ էր Սաշային տեսնել, որ նույնիսկ առանձնապես ուշադրություն չդարձրեց երկար սպասված հեռախոսին. ծիծաղում էր Սաշայի կատակներից ու արտասվում երջանկությունից»,- Facebook-յան էջում հայտնել է «Дом с маяком» հոսպիսի տնօրեն Լիդա Մոնիավան։
Ցավոք, տոնից մի քանի օր անց Վալյան հեռացել է կյանքից։ Լիդա Մոնիավան նկատել է, որ աղջիկը ցավազրկող դեղամիջոցների ամենաբարձր դեղաչափերն է ստացել հոսպիսի գոյության ողջ ընթացքում։