Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ․ ՊՆ
Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, ինչը էապես կբարձրացնի սահմանների անվտանգությունը։ Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին»,-հայտնեցին ՊՆ-ից։
ՊՆ-ից նաև հերքեցին տեղեկությունները, թե Սյունիքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ՝ ընդգծելով, որ խոսքը միայն սահմանապահների մասին է։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանն ասել էր, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվել՝ ճանապարհի անվտանգությունն ուղղակի վերահսկելու համար։