Պուտին. ԼՂ հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ իրականացվում է
ԼՂ հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ իրականացվում է, ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդեն նշվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու եւ կայունացման գործընթաց սկսելու համար: Ընդ որում, մենք ձգտել ենք հետեւել առանցքային համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում:
Նա հիշեցրել է եռակողմ համաձայնության մասին, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին: «Կարեւոր է, որպեսզի այն հետեւողականորեն իրականացվի: Շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար»,-ասել է ՌԴ նախագահը: