ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Թուրքիային դատապարտող հայտարարություն է հրապարակել՝ անդրադառնալով նաև ԼՂ վարձկաններ ուղարկելուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան հանրապետական անդամ Մայքլ Մըքքոլը Թուրքիայի կառավարության և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ՆԱՏՕ-ի նկատմամբ հակասող քայլերը և այդ երկրի` մի շարք այլ ոլորտներում վարած քաղաքականությունը դատապարտող հայտարարություն են հրապարակել: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի թուրքալեզու ծառայությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Երկկողմ հարաբերություններում Թուրքիայի արդեն տասնամյակներ շարունակվող սադրիչ վարքը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի և առհասարակ ՆԱՏՕ-ի համար: Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամրությունը չափազանց կարևոր է, այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ հարկավոր է ավելի ուժեղ պատասխան տալ Թուրքիայի ապակայունացնող գործողություններին: ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ն, եվրոպական դաշնակիցները, աշխատելով մյուս դաշնակիցների հետ, պետք է ամեն ինչ անեն Թուրքիայի քաղաքական ուղղվածությունը փոխելու համար»:
Կոնգրեսականները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել նաև Թուրքիայի կողմից ռուսական զենքի գնման կապակցությամբ:
«Նախագահ Էրդողանի կողմից С-400 համակարգերի գնումը սպառնալիքի տակ է դնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և համատեղ պաշտպանության սկզբունքը, որը դաշինքի բանակներից և զինված ուժերից պահանջում է համատեղ քայլեր Ռուսաստանից եկող սպառնալիքներին դիմակայելու համար: Այն նաև օգնում է Վլադիմիր Պուտինին ապակայունացման սերմեր ցանել դաշինքում»,-ասված է հայտարարության մեջ:
Կոնգրեսականները դատապարտել են նաև Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործումը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:
«Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի շարունակվող ռազմական գործողությունները զրոյի են հավասարեցնում ԱՄՆ-ի և գործընկերների կարևոր ձեռքբերումները և խորացնում են տեղի հումանիտար ճգնաժամը: Նույնիսկ հիմա Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումները մեղադրվում եմ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Նախագահ Էրդողանը, որը սիրիացի վարձկաններ էր ուղարկել Լիբիա և Ղարաբաղ, այլ գլոբալ հակամարտություններ էլ է սադրել»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ կոնգրեսականները դատապարտել են նաև Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի ջրերում Թուրքիայի կողմից բնական ռեսուրսների որոնումը, աջակցությունը ՀԱՄԱՍ-ին, ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներ որակված անձանց ապաստան տրամադրելը, դատական համակարգի յուրացումը Էրդողանի կողմից, ինչպես նաև ամերիկացի դիվանագետների հետապնդումը: