«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից մեկի՝ Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվամբ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամսին նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն, և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից ու արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի են ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար:
Հայտը պատրաստվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքների` այդ ուխտագնացության մշակույթը կրողների, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտավորների համայնքի մասնակցությամբ, ինչպես նաև Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, Իրանի մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռարվեստի նախարարության, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների համագործակցությամբ:
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:
Տեղեկանք: Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.):