Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 27 000 դեպք
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 27 515-ի, մահացել է 243 մարդ, ինչը երկրում ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում, վկայում են Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր կառույցի ղեկավար Ֆահրեթին Քոջան, Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում, կորոնավիրուսի համավարակը հասել է երրորդ գագաթնակետի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում բազմիցս գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքերի եւ դրա հետեւանքով օրվա ընթացքում մահերի ռեկորդային ցուցանիշներ:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 27 515 նոր դեպք: Մահացել է 243 հիվանդ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 17 364 մարդ: Ծանր վիճակում գտնվում է 5803 հիվանդ»,-ասվում է Թուրքիայի առողջապահության հաղորդած տեղեկատվության մեջ:
Մեկնաբանելով այդ տվյալներով՝ Քոջան գրել է Թվիթերում, որ երկրում ընդունված նոր միջոցառումների արդյունքում վերջին օրերին նվազում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի եւ ծանր վիճակով հիվանդների թիվը: