Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված․ կան հանձնաժողովներ, որ հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել. «Ժողովուրդ»
«Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել:
ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին նիստն անցկացրել է սեպտեմբերին, համենայնդեպս այդ մասին են վկայում ԱԺ պաշտոնական կայքի տվյալները: Այնինչ սա շատ կարևոր հանձնաժողով է, և պատգամավորները պետք է հաճախ հավաքվեին, կարևոր հարցեր քննարկեին և այդ մասին տեղեկացնեին հանրությանը:
Սակայն ԱԺ պաշտոնական կայքում այդ մասով լռություն է: Մեկ այլ կարևոր՝ Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովն էլ վերջին անգամ նիստ էր գումարել սեպտեմբերին, ապա տևական դադարից հետո արդեն դեկտեմբերի հինգին՝ լիագումար նիստերին ընդառաջ: Եվրոպական հարցերի մշտական հանձնաժոովի նորություններ բաժնում առհասարակ տվյալները չեն թարմացվել հունիսից, այսինքն՝ այս հանձնաժողովը պարապուրդի է մատնված հունիսից, շեշտենք՝ կրկին պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն:
Մյուս մի քանի հանձնաժողովներում ևս գրեթե նույն իրավիճակն է: Միայն նստաշրջաններին ընդառաջ համեմատաբար ակտիվ եղել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը գլխադասային է եղել բերված օրենքների համար: Այս տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը ձեռք է բերել բաց աղբյուրից` ԱԺ պաշտոնական կայքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: