Աշխարհի Գավաթ․ Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրարդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր ռուս մրցակցի հետ, սակայն նա հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը վստահ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Թեւանյանը 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլայ Օխլոպկովին:
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակիչում 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին:
Վազգեն Թեւանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Եվրոպական երկրորդ խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուչիչ Գոռ Հովհաննիսյանի հետ։
61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Պապիկյանը: Առաջին մրցափուլում Հայաստանի 2020 թվականի չեմպիոնը 0:10 հաշվով պարտվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Աբասգաժի Մագոմեդովը:
Ռազմիկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 երզափակիչից, որտեղ 8:7 հաշվով առավելության էր հասել Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևին:
Երեկոյանը մրցահերթում ոսկե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս կգա 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
57կգ քաշայինների պայքարում 21-ամյա ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակ (7:0, 5:4, 7:4) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ եւ կպայքարի չեմպիոնի կոչման համար: