«Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կոչված են շտկելու Անկարայի վարքագիծը, և ԱՄՆ-ն դրանով չի ձգտում երկիրը հեռացնել ՆԱՏՕ-ից»․Պետքարտուղարություն
Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կոչված են «շտկելու Անկարայի վարքագիծը», սակայն չպետք է ազդեն երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա: Նախօրեին նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ պատժամիջոցները չեն կիրառվում թուրքական զինված ուժերի նկատմամբ, և, չնայած ամեն ինչին, նրանց հետ կպահպանվեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում շփումները»,- նշել է Կուպերը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կոչված են «շտկելու Անկարայի վարքագիծը» և ԱՄՆ-ն դրանով չի ձգտում երկիրը հեռացնել ՆԱՏՕ-ից:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք նաև ցանկանում ենք պահպանել սերտ երկկողմ կապերը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց նկատմամբ։ Ինչպես հայտարարել Է պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: