ԱՄՆ հետախուզությունը հետաձգել է նախագահական ընտրություններին միջամտության վերաբերյալ զեկույցի հրապարակումը
ԱՄՆ հետախուզությունը հետաձգել է 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա արտաքին ազդեցության վերաբերյալ զեկույցի հրապարակումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի ազգային հետախուզության ծառայության թվիթերյան էջից:
«Այսօր կեսօրին հետախուզության պաշտոնյաները տեղեկացրել են Ազգային հետախուզության տնօրենին, որ հետախուզական համայնքը չի պահպանի գործադիր հրամանով և Կոնգրեսով սահմանված վերջնաժամկետը, այն է` դեկտեմբերի 18-ը` ներկայացնելու 2020 թվականին ԱՄՆ ընտրություններին արտաքին սպառնալիքների վերաբերյալ հետախուզական համայնքի գաղտնի գնահատումը»,- ասել է գերատեսչության ռազմավարական կապերի վարչության ղեկավար Ամանդա Շոխը:
Fox News- ի փոխանցմամբ՝ զեկույցը պետք է հրապարակվեր դեկտեմբերի 18-ին: Այնուամենայնիվ, հետախուզական հանրությունը հակասության մեջ է ընկել այն հարցի շուրջ, թե ինչ պետք է ներառվի փաստաթղթում:
Հետախուզության բարձրաստիճան վերլուծաբանները բաժանվել են մի քանի խմբի. մի մասը կարծում է, որ Չինաստանը ակտիվորեն փորձում էր միջամտել ընտրություններին, մյուս մասը` որ ՉԺՀ-ի ջանքերը նվազագույն էին, և ծրագրերը չեն իրականացվել: Որոշ փորձագետներ տատանվում են վերջնական եզրակացություններ անել, քանի որ Պեկինի գործողությունների մասին տեղեկությունները «բավականաչափ չմշակված տվյալներ են պարունակում»:
Միևնույն ժամանակ, դեռևս տեղեկություն չկա, թե երբ է հրապարակվելու զեկույցը: