Իրանն ԱՄՆ-ից պահանջել է Սիրիայից դուրս բերել ամերիկյան զորքերը, դատապարտել է Իսրայելի ագրեսիան
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունն անօրինական և «թաքնված նպատակներ հետապնդող» է անվանել: Պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ լքել Սիրան, հաղորդում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:
Դեկտեմբերի 16-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով նիստում, Թահթ Ռավանչին նշել է, որ բոլորը պետք է լիովին հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքով՝ Իրանը դեմ է Սիրիայում ցանկացած անջատողական գործողությունների կամ անօրինական նախաձեռնությունների և շարունակում է պնդել, որ բոլոր օտարերկրյա ուժերը, որոնք ներկա են առանց Սիրիայի կառավարության թույլտվության, պետք է լքեն երկիրը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին հավատարիմ է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, և այս ուղերձը հաստատվել է Սիրիայի ԱԳ նախարարի՝ վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ»,-ասել է նա:
Չհիշատակելով Թուրքիային, որը Սիրիայի հյուսիս-արևմուտքում աջակցում է զինված ընդդիմության խմբավորումներին, Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը նշել է, որ «այնպիսի վայրերը, ինչպիսին Իդլիբն է, չպետք է վերածվի ահաբեկչական խմբերի համար ապաստանի և ահաբեկիչների դեմ պայքարը պետք է շարունակվի մինչև նրանց կողմից սպառնալիքների լիակատար վերացումը»։
Դրա հետ մեկտեղ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը «վճռականորեն դատապարտում» է Սիրիայի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիան։
«Պետք վերջ դրվի նման սադրիչ ռազմական արկածախնդրությունը»,-ընդգծել է նա: