Պետություն ունենալու, պահպանելու հայի վերջին շանսը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Հայաստանում ու Արցախում գործնականում իշխանություն չկա, կա հոգեվարք ապրողների խմբակ, որը դեռևս միջոցների մեջ խտրություն չդնելով՝ պահպանում է ձևական իշխանությունը։ Ստացվում է, որ պետության երեք ատրիբուտներից երկուսը՝ տարածքն ու իշխանությունը, մասամբ կամ ամբողջությամբ, գոյություն չունեն։ Մնացել է պետության վերջին ատրիբուտը՝ բնակչությունը, ով կրում է դեռևս մնացած պետությունը կամ պետության ավերակները պահպանելու առաքելությունն ու պատասխանատվությունը։
Պետության այդ սուբյեկտը՝ բնակչությունը, կա՛մ պետք է իր գործողություններով վերականգնի պետության մյուս ատրիբուտները՝ իշխանությունն ու տարածքը, կա՛մ համակերպվի պետության վերջնական կորստի հետ։ Ընդ որում, այս շարքում հաջորդականությունը խիստ կարևոր է․ միայն իշխանության վերականգնման դեպքում հնարավոր կլինի մտածել մյուս ատրիբուտի՝ տարածքի վերականգնման մասին։ Այս համատեքստում իրավիճակը ներկայանում է միանգամայն այլ լույսի ներքո․ այսօր խնդիրը ոչ թե այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն քաղաքական գործչին իշխանության բերելն է, այլ իշխանության՝ որպես սուբստանցիայի, վերականգնումը։
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գոնե հույս ունենալ պետության վերագտնումի մասին։ Այլապես մենք կշարունակենք մեր հազարամյա անպետություն երթը՝ առանց տարածքի ու իշխանության։ Եվ սա կարող է լինել պետություն ունենալու, պահպանելու վերջին շանսը։ Հայի վերջին շանսը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: