HBO-ն Մայքլ Ջեքսոնի ընտանիքին «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի համար 100 մլն դոլար կվճարի
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը դատարանում շահել է HBO հեռուստաալիքի դեմ բողոքը, որը 2019 թվականին երգչի մասին ֆիլմ է ցուցադրել՝ «Լքելով Նեվերլենդը»:
Variety-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը ստիպված կլինի արտիստի ժառանգներին 100 մլն դոլար վճարել։
Ընտանիքը վկայակոչում էր այն փաստը, որ 1992 թվականին Ջեքսոնը հեռուստաալիքի հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն՝ НВО-ն 27 տարվա ընթացքում չի անի արատավոր հայտարարություններ երգչի, նրա ընտանիքի եւ աշխատողների մասին: ԱՄՆ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը վճռել է, որ այդ պայմանագիրը գործում է նաեւ այժմ։
2019 թվականին ստորին ատյանի դատարանը Ջեքսոնի ժառանգներին թույլ է տվել դիմումը հանձնել արբիտրաժային դատարան, HBO-ն բողոք է ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանը պաշտպանել է նախորդ որոշումը:
Վավերագրական ֆիլմը նվիրված է երկու տղամարդկանց՝ 37-ամյա ռեժիսոր Ջեյմս Սեյֆչակի եւ 41-ամյա պարուսույց Ուեյդ Ռոբսոնի կյանքին: Նրանք փոփ աստղի հետ ընկերացել են մանուկ հասակում, սակայն, մեծանալով հասկացել են, որ երգչի կողմից բռնության զոհ են դարձել։ Փոքրիկ Ջեյմսը Pepsi-ի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ ծանոթացել է արտիստի հետ, իսկ Ուեյդը հրավիրվել է Ջեքսոնի հետ ունկնդրության մանկական պարային մրցույթում հաղթելուց հետո։
Ինչպես պնդում են տուժածները, Ռոբսոնը 7 տարեկան էր, երբ նրան առաջին անգամ բռնության ենթարկեցին, իսկ Սեյֆչակը՝ 10: Ջեքսոնի մյուս «փոքրիկ ընկերների» հետ երեխաները ծնողների հետ հաճախ հյուրընկալվել են նրա Նեվերլենդ ռանչոյում, որտեղ ծնողներից առանձին արտիստի հետ գիշերել են նույն ննջարանում։