Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևի խոսքը
Չեմ կարծում, որ պետք է բացահայտեմ մանրամասները, թե ինչու էր այդպես ձևավորվել ռուսական պատվիրակությունը: Եղել են պատճառներ, և դավադրություն պետք չէ փնտրել: Այդ մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով տարածաշրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ընթացքում ռուս համանախագահ Իգոր Պոպովի բացակայության պատճառների մասին հարցին:
«Ռուսական կողմը ներկայացվել է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ադրբեջանում: Մի փնտրեք այդտեղ ինչ-որ խորին քաղաքական ենթատեքստ»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին եւ ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շոֆերն այցելել էին Բաքու դեկտեմբերի 12-13-ին եւ Երեւան դեկտեմբերի 13-14-ին: Այցելելու անհնարինության պատճառով ռուս համանախագահ Իգոր Պոպովին ներկայացրել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչերնիկովը, իսկ Երևանում՝ Ռուսաստանի գործերի հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:
Զախարովան խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների փոխանակման գործընթացը վերաբերյալ, ասելով, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակմանը մեծ նախապատրաստական աշխատանքներ են նախորդել, որոնք իրականացվել են ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ:
Զախարովայի խոսքով` Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին մանրամասն պատմել է գործընթացի մասին:
«Ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի հետագա անվերապահ իրականացմանը»,- հրամանատարի խոսքերը մեջբերել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն էր ստորագրվել: Սակայն ոչ ոք համաձայնագրի մասին պաշտոնապես չի հայտարարել:
Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևի խոսքն այն մասին, որ «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությանը և Հայաստանի հետ միասին զգալի կորուստներ կկրի»:
Ըստ Զախարովայի՝ բոլոր հայտարարությունները, որ անում են հակամարտության (ղարաբաղյան – խմբ.) անմիջական կողմերը և ոչ տարածաշրջանային խաղացողները, պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, հատկապես երկարաժամկետ խաղաղությանը և լիաչափ կարգավորմանը:
«Յուրաքանչյուր հայտարարություն, որ արվում է, պետք է կշռադատվի հատկապես այն տեսակետից, թե ինչպիսի օգուտ կամ ինչպիսի վնաս կարող է ունենալ: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի կարեւորագույն, բարդագույն աշխատանք է կատարվել, որ ամեն դեպքում յուրաքանչյուր բառը պետք է կշռադատվի, պետք է ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչի համար է այն արտաբերվում: Այն ամենը, ինչը վերաբերում է հողի վրա եւ գործառնական պարտավորությունների կոնկրետ մանրամասներին, ապա այս բոլոր հարցերը կարող են եւ պետք է երկրների միջեւ լուծվեն աշխատանքային կարգով:
Մենք երկխոսություն ենք վարում եւ գոյություն ունեցող բոլոր խողովակներով կապ ենք պահպանում թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ: Բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այս հունում: Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հաստատվի երկարատեւ եւ հաստատուն խաղաղություն: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նաեւ հակամարտության կողմերն արձագանքեն այս նպատակներին»,- նշել է Զախարովան: